Էկոնոմիկայի նախարարությունն առաջիկայում կառավարության քննարկմանն է ներկայացնելու որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գյուղատնտեսական կենդանիների հատուկ շուկաներ:
Իրավական նախագծերի հարթակում հրապարակված հիմնավորման մեջ գրված է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկումը, նախրի կառավարումը և հետագծելիության բարելավումը՝ «դաշտից պատառաքաղ» սկզբունքով։
Նախագիծն արդեն արժանացել է հանության բուռն արձագանքին։ Հրապարակված նախագծի 15 արձագանքներից 11–ը բացասական է. ֆերմերներն ու ոլորտի մասնագետներն այս հարցում տարակարծիք են:
Ո՞ւմ համար է գրվել նախարարության ծրագիրը
Արարատի մարզի Մրգավետ համայնքի ֆերմեր Արտյոմ Կիրակոսյանը թերահավատ է կառավարության ներկայացրած ցանկացած ծրագրի նկատմամբ: Նրա կարծիքով՝ պետությունը հիմա «ընկել» է գյուղացու հետևից և ամեն ինչ անում են ի վնաս ֆերմերի:
Անասնատիրոջ խոսքով՝ այս ամենը մեկ նպատակ ունի. ուզում են, որ անասնապահական մանր տնտեսություները վերանան՝ գործեն միայն խոշոր ֆերմերային տնտեսությունները:
«Ուզում են ամեն ինչ «կանտռոլի» տակ առնեն, որ վերանան մանր- մունր տնտեսությունները և գործեն միայն խոշորները, որ կարողանան պետությանը հարկեր տան: Եվրոպայում գյուղացիներն անասուններ չեն պահում, միայն խոշոր տնտեսություններ են գործում, որովհետև հարկերն այնքան շատ են, որ մեկ- երկու գլուխ անասուն պահելը ձեռ չի տալիս: Հիմա նույնն այստեղ են ուզում, որ մեծ ֆերմաներ լինեն՝ իրենց սպանդանոցով և այլն, իսկ գյուղացին դա չի կարող, միայն խոշոր ներդրողները կարող են»,- ասաց մրգավետցի բնակիչը:
Ըստ նրա՝ այս նախագիծը գյուղացուն հարկելու և տուգանելու հերթական ծրագիրն է:
«Գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի վերահսկման, նախրի կառավարման և հետագծելիության բարելավման իրական նպատակը անասնապահությամբ զբաղվողներին հարկային դաշտ բերելն է։ Էն օրն են ուզում մեզ գցել, որ էդ մեկ- երկու կովն էլ չպահենք, երկու կոպեկ փող աշխատենք, թող սաղ առնեն պրծնեն»,-վրդովվեց գյուղացին:
Արտյոմ Կիրակոսյանը հստակ որոշել է՝ Ամանորից հետո ֆերման վերացնելու է:
«Մի միջոց եմ ուզում գտնել, որ այդ անասուններին վերացնեմ և վերջ, սենց գնա մեզ ձեռ չի տալու անասնապահությամբ զբաղվելը: Մի երինջին 6 ամիս պահում ես, փող ես ներդնում, վաճառելուց հետո հազիվ 70 հազար դրամ փող քեզ մնա: Հիմա էլ ուզում են դրանից էլ փող աշխատեն»,-մտահոգվեց նա:
Մինչդեռ հանրապետությունում անասնաշուկաներ հիմնելու մասին նորությունը ոգևորել է Սյունիքի մարզի Գորայք համայնք ֆերմեր Կարեն Պետրոսյանին:
Նա մատնանշեց, որ Սյունիքի մարզում անասնաշուկա չկա, անասնապահությամբ զբաղվողի դիտարմամբ, այն լինելու դեպքում գյուղացուն ձեռնատու կլինի: Բացի այդ էլ, վերահսկողություն կլինի՝ հիվանդ անասուն է շուկա մտնում, թե՝ ոչ:
«Ամբողջ Արմավիրի ու Գեղարքունիքի մարզերը մեր անասուններն են գալիս վաճառքի համար տանում, գալիս են գյուղեգյուղ, տնետուն մտնում, և անասուն փնտրում, շուկա լինելու դեպքում մրցակցություն կլինի, մարդիկ էլ կիմանան՝ ինչ շուկայական գներ կան, ամեն ինչ քաղաքակիրթ ձևով կիրականացվի»,-հավելեց Պետրոսյանը:
Ներկայումս հանրապետությունում մի քանի անասնաշուկա է գործում, անասնապահությամբ զբաղվող մի շարք մարզերում այն բացակայում է: Իսկ եղած անասնաշուկաներն էլ, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում են:
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Արարատի մարզում՝ Արտաշատում, գործում է կենդանիների շուկա, որի տարածքը ցանկապատված չէ: Արմավիրի մարզում էլ կա գործող կենդանիների շուկա, որի տարածքը, սակայն, ցանկապատված է: Կոտայքի մարզում գտնվում է «անասնաշուկա-հավաքատեղի», որը ևս անմխիթար վիճակում է:
Նոր ծախսե՞ր ու հարկե՞ր գյուղացու համար
Հանրապետության ամենամեծ անասնաշուկան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է, որը գործում է միայն կիրակի օրերին, իսկ տարածքը դարձյալ ցանկապատված չէ:
Անասնապահությամբ զբաղվող Հայրավանք համայնքի բնակիչներից շատերն այդ շուկայից գրեթե չեն օգտվում, ասում են՝ ծախսատեր է կենդանիներին այնտեղ տեղափոխելը:
«Ես պետք է ծախս անեմ, բեռնատար վարձեմ և կենդանուն շուկա հասցնեմ, մեզանից էլ շուկան ահագին հեռու է, սաղ փողի հետ է կապված: ճանապարհին կենդանին զարկվում է բեռնատարի թափքին ու վնասվում, իսկ սպանդանոցում ստացած վնասվածքների, կապտուկների պատճառով մսի որակը ցածր են գրանցում»,- նկատեց Սասուն Աբրահամյանը:
Գյուղացիները շեշտում են՝ եթե լավ պայմաններ լինեն, իրենք կօգտվենեն դրանից:
Նման ծրագրի տակ մարդիկ կան թաքնված. փորձագետ
Գյուղոլորտի պատասխանատու գերատեսչության նոր նախաձեռնությունը «Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը աղքատ գյուղացիների համար շահեկան չի համարում:
Փորձագետի դիտարկմամբ` նախագիծը մշակվել է հատուկ ինչ–որ մեկի համար։
«Ամեն մի նման ծրագրի տակ մարդիկ կան թաքնված, կոնկրետ անձինք։ Հաստատ ինչ- որ մարդիկ տարածք են ձեռք բերել, պարսպապատել, ուզում են կենդանիներ վաճառել, փող աշխատել: Իսկ գյուղացին պետք է ծախս անի կենդանուն այնտեղ հասցնի, վաճառվի կամ չվաճառվի»,– ենթադրում է մեր զրուցակիցը։
Սեդրակյանի կարծիքով՝ նոր նախագիծն էլ մյուսների ճակատագրին է արժանանալու:
«Աղմուկ- աղաղակով հայտարարեցին սպանդանոցների մասին, բայց չի գործում, ֆերմերը գնում սպանդանոցից այդ թուղթը գնում է, թե սպանդանոցային մորթ է եղել: Իսկ եղած սպանդանոցներն էլ կեղտոտ են, հակասանիտարական վիճակում: Նույնն էլ անասնաշուկան է լինելու, և ինչ- որ մադրիկ էլ փող են աշխատելու:
Անասնագլխաքանակի համարակալման ծրագիրը դրեցին։ Հիմա թող զեկուցեն հանրությանը` ի՞նչ համարակալեցին, ի՞նչ գլխաքանակ ստացան, դա ի՞նչ օգուտ բերեց ոլորտին, անասնաբուժական միջոցառումներն ինչքանո՞վ կանոնակարգվեցին, հիվանդությունների տարածվածությունը ինչքանո՞վ նվազեց։ Վահան Քերոբյանն ամեն ինչ իր ձեռքն է վերցնել և միաձայն որոշումներ է ընդունում»,–ընդգծեց նա:
«Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավարը նկատում է, որ պետք է պետությունը նախ խրախուսի անասնապահությունը, քանի որ այս ճյուղը գնալով մարում է:
Վիճակագրության համաձայն՝ 2020թ–ից սկսած մինչև 2023թ–ի հունվար անասնագլխաքանակը ՀՀ–ում նվազել է շուրջ 80 000–ով` 580 000–ից հասնելով 500 000–ի, ինչը, նրա մեկնաբանմամբ, անասնապահության ոլորտում կառավարության իրականացրած ծրագրերի արդյունավետության խոսուն վկայությունն է ։
Էկոնոմիկայի նախարարության հեղինակած «ՀՀ–ում գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները և անասնաբուժասանիտարական վերահսկողության կարգը սահմանելու մասին» որոշման նախագծի հանրային քննարկման ժամկետը լրանում է 2023թ–ի դեկտեմբերի 15–ին։
Դրանից հետո այն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ ընդունվելու դեպքում իրավական ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը։
Հեղինակ՝ Մանյա Պողոսյան